Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաև հարգանք եք վայելում և վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից: Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզո, և մենք միայն միասին կարող ենք հասնել մեր ազգային իղձերի կատարմանը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀԲԸՄ Նուբարյան վարժարանում հանդիպում է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար ՀՅԴ և Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, բարերար Կարապետ Փիլավջյանը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել սենատոր Ռաֆայել Միկելինին և Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Մարտինես Ուելմոն: Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել նրանց և մաղթել հաջողություններ:
Ավարտելով պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չիլիի Հանրապետություն